Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՍԱՏԱՆԱՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՄԵՋ Է

ՍԱՏԱՆԱՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՄԵՋ Է
04.12.2009 | 00:00

Աթենքում ավարտված ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նիստն աչքի ընկավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հնգակողմ հայտարարության ընդունմամբ: Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները և Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարության մեջ մասնավորապես նշում են «բանակցությունների դրական դինամիկան, որն արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած վեց հանդիպումների ընթացքում»:
Արտգործնախարարներ Լավրովն ու Քուշները և պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգն էլ վերահաստատում են իրենց երկրների հանձնառությունը` աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հիմնարար սկզբունքների համաձայնեցման աշխատանքներն ավարտին հասցնելու գործում ու կողմերին կոչ անում հնարավորինս արագ ավարտել այդ աշխատանքը:
Եվ ամենակարևորը. «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նշեցին, որ այս տարվա ընթացքում առաջընթաց է արձանագրվել հիմնարար սկզբունքների դրույթների շուրջ ընդհանուր ըմբռնումների հասնելու հարցում: Նրանք հաստատեցին իրենց երկրների պատրաստակամությունը ավարտելու աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա, ինչպես Աքվիլայում հորդորել են համանախագահները: Նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:
Ի դեպ, առաջին անգամ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միասին ստորագրում են մի փաստաթղթի տակ, որտեղ միաժամանակ խոսվում է տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների մասին:
Գրեթե նույնաբովանդակ էր մեկ օր անց ԵԱՀԿ նախարարների խորհրդի ընդունած հայտարարությունը, որի վերջում նշված է. «Մենք համոզված ենք, որ այսօր ստեղծվել է իրական հնարավորություն` ամբողջ տարածաշրջանում կառուցելու խաղաղ, կայուն և բարգավաճ ապագա»:
Հայտարարությունը կոչ է անում կողմերին պահպանել բանակցությունների դրական դինամիկան. «Ամբողջապես աջակցում ենք նրանց հանձնառությանը` մադրիդյան փաստաթղթի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցմանը, որպեսզի առանց հապաղելու և բարի կամքով սկսվի համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակումը»:
Ահա այսպիսի կոչ-պահանջ: Փաստորեն, ամեն ինչ տանում է նրան, որ 2010-ին ԼՂ բանակցային գործընթացում ակտիվացում արձանագրվի։ Ակնհայտորեն 2010-ը դիտվում է «բարենպաստ» տարի, ինչպես իրենք են ասում, «համապարփակ խաղաղ համաձայնագիր» մշակելու համար:
Սակայն պետք չէ մոռանալ, որ սատանան մանրամասների մեջ է: Հնգակողմ հայտարարությունից հետո Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշներն ասուլիսում նշել էր, թե չի կարող ասել` որքան արագ կլուծվի հակամարտությունը. «Հնարավոր չէ որոշակի ժամկետ նշել: Մենք այսօր առաջարկեցինք մշակել փաստաթուղթ, բայց ես դրանում համոզված չեմ, քանի որ որոշակի խնդիրներ մնացել են չլուծված»: Ֆրանսիացի դիվանագետի այս գնահատականը, նկատենք, ավելի իրատեսական է:
Ադրբեջանից էլ քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի շուրթերով արդեն կարծիք հնչեց, որ իրական քայլերի բացակայության պարագայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանակ առ ժամանակ պետք է հանդես գան ձևով` հնչեղ, բովանդակությամբ` դատարկ հայտարարություններով:
Ադրբեջանական մամուլը փոխանցեց նաև արտգործնախարար Մամեդյարովի պարզաբանումները, թե ինչը կարող է լինել ԼՂ խնդրի լուծման բանալին: Նա մասնավորապես ասել է, թե Բաքուն կառուցողական քաղաքականություն է իրականացնում` «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում» հայկական և ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցության համար. «Դա հիմք կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման համար` ապահովելով Ադրբեջանի կազմում ԼՂ-ի ինքնակառավարումը»:
Հայաստանի արտգործնախարարն էլ կրկնեց, որ ներկայումս քննարկվում են մադրիդյան փաստաթղթի բազմաթիվ սկզբունքներից միայն մի քանիսը: «Դիրքորոշումների որոշ մոտեցում առկա է որոշ կետերի վերաբերյալ, ինչը չի կազմում անգամ մեկ երրորդը: Դա երկար ճանապարհ է, բայց մենք տրամադրված ենք գնալու այդ ճանապարհով` պահպանելով այն դրական դինամիկան, որն արձանագրվել է վերջին շրջանում երկու նախագահների հանդիպումների շնորհիվ»:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ